Պաղեստինցիներին ընդունելու հետ կապված պայմանավորվածություն չկա. Էրդողանի աշխատակազմ

Էրդողանի գրասենյակից հայտնել են, որ Թուրքիայի նախագահի և Իսրայելի վարչապետի միջև բանակցություններ չեն եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահի գրասենյակը հերքել է հաղորդումներն այն մասին, թե իբր նախագահ Էրդողանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել մեկ միլիոն պաղեստինցիների ընդունելու վերաբերյալ։ Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցությունների վարչության ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնի հայտարարության մեջ։
Թուրքական մի շարք ընդդիմադիր ԶԼՄ–ներում և սոցցանցերում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ իբր Էրդողանը համաձայնել է Թուրքիայում մեկ միլիոն պաղեստինցի փախստականների ընդունել գումարի դիմաց։
«Որոշ սոցցանցերում Նեթանյահուի հայտարարության վրա հղումով տարածվող` «Մենք պայմանավորվել ենք Էրդողանի հետ, որ մեկ մլն պաղեստինցի Թուրքիայի քաղաքացի կդառնա և կապրի Թուրքիայում 2 մլրդ դոլարի դիմաց» հաղորդագրությունը իրականությանը չի համապատասխանում։ Մեր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որևէ բանակցություն չի ունեցել, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն էլ նման հայտարարություն չի արել։ Այդ պնդումներն ամբողջությամբ կեղծ են», – ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Թուրքիայի առաջնորդը հայտարարել էր, որ Նեթանյահուին այլևս «իր զրուցակիցը» չի համարում։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։