ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանը Արդարադատության միջազգային դատարանի իրավական պարտադիր որոշումներին ենթարկվելու փոխարեն զբաղված է դրանց տարամեկնաբանմամբ՝ շարունակելով չկատարել իր պարտավորությունները։ Ելույթ ունենալով այսօր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Արդարադատության միջազգային դատարանի զեկույցին նվիրված հանդիպման ժամանակ՝ ասել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։
«ՄԱԿ և Անվտանգության խորհրդի անդամներին արդեն իսկ պետք է պարզ լինի Ադրբեջանի կեցվածքը՝ որպես արդարադատության և օրենքի գերակայության պարբերաբար ոտնահարող երկիր, ինչի վառ դրսևորումն է նաև շրջափակված ԼՂ բնակչության դեմ սեպտեմբերի 19-ին իրականացված լայնածավալ ռազմական հարձակումը»,– ասել է դեսպանը։
Նա հիշեցրել է, որ Հայաստանը դիմել է դատարանին՝ հայցելով միջանկյալ միջոցներ կիրառել` ապահովելու համար ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության՝ իրենց տներ անվտանգ և արժանապատիվ վերադառնալու իրավունքը։
«ՄԱԿ-ը հատուկ պատասխանատվություն է կրում միջազգային իրավունքի գերակայությունը և Արդարադատության միջազգային դատարանի որոշումների իրականացումն ապահովելու համար»,– ընդգծել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը։
Դեսպանը շեշտել է միջազգային իրավունքի առանցքային դերը խաղաղության սպառնալիքներին դիմակայելու գործում։ Այս համատեքստում նա հիշատակել է Արդարադատության միջազգային դատարանում Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի ներքո Ադրբեջանի դեմ Հայաստանի կողմից ներկայացրած հայցը։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։