Իսրայելական կողմի հայտարարությունը հարցեր է առաջացնում․ ՌԴ ԱԳՆ–ն` միջուկային զենքի մասին

ՌԴ ԱԳՆ
Երուսաղեմի և ժառանգության հարցերով նախարարը Գազայի վրա ատոմային ռումբի նետումը անվանել է հակամարտության զարգացման հնարավորություններից մեկը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Իսրայելական կողմի` միջուկային զենքի մասին հայտարարությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում: Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Հարց համար մեկ. ստացվում է՝ մենք միջուկային զենքի առկայության մասին պաշտոնական հայտարարություննե՞ր ենք լսում: Հաջորդ հարցերը` որտե՞ղ են միջազգային կազմակերպությունները, որտե՞ղ է ՄԱԳԱՏԷ–ն, որտե՞ղ են տեսուչները»,– նշել Է Զախարովան հեռուստաեթերում։
Ավելի վաղ Երուսաղեմի և ժառանգության հարցերով նախարար Ամիհայ Էլիյահուն Գազայի վրա ատոմային ռումբի նետումը անվանել էր հակամարտության զարգացման հնարավորություններից մեկը:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։