ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. ՄԱԿ-ի պաղեստինյան փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման գործակալության դպրոցներից մեկը նոյեմբերի 6-ին Գազայի հատվածի հյուսիսում ուղիղ հարվածի է ենթարկվել։ Տեղեկությունը նշված է կազմակերպության զեկույցում:
«Գազայի հյուսիսում կազմակերպության դպրոցներից մեկն ուղղակի հարվածների է ենթարկվել, ինչի հետևանքով մեկ մարդ է զոհվել, ևս ինը՝ շենքում պատսպարված ներքին տեղահանված անձանցից, վիրավորվել են», — ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ նշված է փաստաթղթում:
Կազմակերպության տվյալներով՝ նոյեմբերի 6-ի երեկոյի դրությամբ Գազայի հատվածում հոկտեմբերի 7-ից սպանվել է ընդհանուր առմամբ ՄԱԿ-ի 89 աշխատակից:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 10,3 հազարը, տուժել է ավելի քան 25 հազար մարդ։