Ֆրանսիան 2030 թվականի ձմեռային Օլիմպիադան հյուրընկալելու հայտ է ուղարկել

Ֆրանսիա. Արխիվային լուսանկար
2030 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի մայրաքաղաքը կընտրվի 2024 թվականի հուլիսին Փարիզում կայանալիք ՄՕԿ-ի 142-րդ նստաշրջանում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Ֆրանսիան 2030 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերը հյուրընկալելու հայտ է ուղարկել Միջազգային օլիմպիական կոմիտե (ՄՕԿ): Տեղեկությունը հայտնել է Ֆրանսիայի Ազգային օլիմպիական կոմիտեի (ՖԱՕԿ) ղեկավար Դավիդ Լապարտյենը:
Նախատեսվում է օլիմպիադան անցկացնել Օվերն–Ռոն–Ալպեր և Պրովանս– Ալպեր–Լազուրե ափ շրջաններում:
«Այս հայտը, որն այսօր ներկայացվել է ՄՕԿ-ին, իրական համատեղ աշխատանքի արդյունք է, որն արվում է հուլիսից։ Այն ապագայի խաղեր կառուցելու, այդ մարտահրավերներն ընդունելու և դրանք սպորտի, մարզիկների, շրջանների ու բնակիչների համար հնարավորություններ դարձնելու մեր ձգտման արտահայտությունն է: Այդ հայտը Ֆրանսիայի հաղթանակի խորհրդանիշն է»,– հայտարարել է Լապարտյենը։
Հուլիսին ֆրանսիական շրջանները ցանկություն էին հայտնել հայտ ներկայացնել 2030-ի խաղերի անցկացման համար, Ֆրանսիայի կառավարությունը աջակցել էր նախաձեռնությանը։
2030 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի մայրաքաղաքը կընտրվի 2024 թվականի հուլիսին Փարիզում կայանալիք ՄՕԿ-ի 142-րդ նստաշրջանում: Ձմեռային Օլիմպիական խաղերի անցկացման հավակնորդներ են նաև Շվեդիան և Շվեյցարիան:
Հիշեցնենք, որ 2024 թվականի օգոստոսին Փարիզը կընդունի ամառային Օլիմպիադան։