Ֆրանկոֆոնիայի ԽՎ–ն աջակցություն է հայտնել ԼՂ հայերին և Հայաստանին. բանաձև է ընդունվել

Արման Եղոյան
Կառույցը խստորեն դատապարտում է էթնիկ զտման բոլոր ձևերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի համաժողովը բանաձև է ընդունել` ի աջակցություն ԼՂ հայերի և Հայաստանի։ Տեղեկությունը հայտնում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Արման Եղոյանը։
«Քիչ առաջ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի համաժողովը ընդունեց բանաձև։ Այնտեղ նշվում է, որ համաժողովն անվերապահ աջակցություն է հայտնում Հայաստանին, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղի հայերին, և ընդգծում նրանց իրավունքները հարգելու անհրաժեշտությունը։ Խստորեն դատապարտվում է էթնիկ զտման բոլոր ձևերն ու Լեռնային Ղարաբաղում գտնվող կրոնական և մշակութային ժառանգության ոչնչացումը»,– գրել է Եղոյանը ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։