ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Այս տարվա առաջին 9 ամիսներին (հունվար- սեպտեմբեր) Եվրասիական տնտեսական միությունում գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0,3%-ով: Տեղեկությունը հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։ Նշվում է, որ աճ է գրանցվել Հայաստանում, Ռուսաստանում և Ղրղզստանում, նվազում՝ Ղազախստանում և Բելառուսում։
ԵՏՄ պետություններում ավարտվում է հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի (առանց եգիպտացորենի) բերքահավաքը։ Հոկտեմբերի 1–ի դրությամբ հացահատիկի բերքահավաքն աճել է միայն Հայաստանում (21%–ով), միաժամանակ Բելառուսում հացահատիկ է հավաքվել 16,6%–ով, Ղրղզստանում՝ 18,2%–ով, Ռուսաստանում՝ 10%– ով քիչ։
Ավելացել է անասնաբուծական հիմնական արտադրատեսակների արտադրությունը՝ սպանդանոցային անասուն և թռչուն (կենդանի քաշով)՝ 2,3%–ով, կաթ՝ 2,9%–ով, ձու՝ 1,2%–ով։
Հավելենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների` 2023 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքի 1,6 տոկոսով աճ։
Հաշվետու նույն ժամանակահատվածում` հունվարից սեպտեմբեր, անասնաբուծական արտադրանքի արտադրությունը հանրապետությունում նախորդ տարվա համեմատ նվազել է, իրացվել է գյուղատնտեսական կենդանի և սպանդանոցային թռչուն 4,8 տոկոսով պակաս, 5,2 տոկոսով քիչ կաթ, 2,4 տոկոսով քիչ ձու։
Հացահատիկային և հատիկաընդեղենային բերքն ընթացիկ տարվա առաջին 9 ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 21 տոկոսով, կարտոֆիլը` 3,5 տոկոսով։