ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանն այսօր ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներին է ներկայացրել վերջին մեկ տարում դատական համակարգում կոռուպցիայի դեմ պայքարում գրանցած արդյունքները։ Տեղեկությունը հայտնում է Բարձրագույն դատական խորհրդի մամուլի ծառայությունը։
Հայաստանի պարտավորությունների կատարման մոնիտորինգի գծով համազեկուցողներ Կիմո Կիլյունենին, Բորիանա Աբերգին և ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի քարտուղար Մեթյու Մոնինին հետաքրքրվել են դատական համակարգում տեղի ունեցող բարեփոխումների, մարդու իրավունքների պահպանման, դատավորների անկախության, կոռուպցիայի դեմ պայքարում իրականացվող միջոցառումների ընթացքով։
Անդրեասյանը ներկայացրել է դատական համակարգում կատարված բարեփոխումներն ու արձանագրված ձեռքբերումները:
«Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացումն ու իրավունքի գերակայությունը չեն կարող այլընտրանք ունենալ»,– իր խոսքում շեշտել է Կարեն Անդրեասյանը։
Նա անդրադարձել է նաև դատական համակարգի ներսում կոռուպցիոն երևույթների դեմ տարվող աշխատանքներին: Ըստ նրա` վերջին մեկ տարում քննված կարգապահական վարույթների շնորհիվ հնարավոր է եղել դատական համակարգը որոշակիորեն զտել՝ համակարգից դուրս մղելով ոչ կոմպետենտ դատավորներին։
Բարձրագույն դատական խորհրդի նախագահը խոսել է նաև նոր դատավորների նշանակման հարցում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի դերի մասին։ Անդրեասյանի կարծիքով` դա օգնում է կանխելու չհամապատասխանող անձանց մուտքը դատական համակարգ։