ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենին և Բորիանա Աբերգին: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Փաշինյանն ընդգծել է, որ ժողովրդավարության զարգացումն ու բարեփոխումների օրակարգը ՀՀ կառավարության ռազմավարությունն է։ Նա հավելել է, որ հետևողական աշխատանքն այս ուղղությամբ շարունակական է լինելու:
Ներկայացվել է հակակոռուպցիոն քաղաքականության շրջանակներում ՀՀ կառավարության իրականացրած և նախատեսվող քայլերը:
«Վարչապետը վստահություն է հայտնել, որ բարեփոխումները նպաստել են նաև մեր երկրում տնտեսության ոլորտում ազատ մրցակցային միջավայրի ձևավորմանը և արձանագրվող տնտեսական աճին»,– նշված է հաղորդագրության մեջ:
Նիկոլ Փաշինյանը խոսել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի ԼՂ մեր հայրենակիցների բռնի տեղահանությանն ու ստեղծված հումանիտար իրավիճակի մասին։ Նա ներկայացրել է իրավիճակի հաղթահարման ուղղությամբ Հայաստանի կառավարության ձեռնարկած քայլերը։ Կարևորվել է միջազգային հանրության օժանդակությունն առկա խնդիրների լուծման գործում: Կառավարության ղեկավարն ընդգծել է նաև ԼՂ-ում հայության իրավունքների վերաբերյալ ԵԽԽՎ-ում ընդունված բանաձևերի կարևորությունը:
Ավելի վաղ ԵԽ պատվիրակությանը ընդունել էր նաև Հ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։