ԱՊՀ հանդիպումները բոյկոտելով՝ Երևանը ջուր է լցնում Բաքվի ջրաղացին. քաղաքագետ

Փորձագետը մտավախություն ունի, որ ՀՀ ղեկավարության քայլերը կհանգեցնեն ՌԴ–Ադրբեջան և ՌԴ–Թուրքիա էլ ավելի մերձեցմանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. ՀՀ–ն իր չմտածված քայլերով Ադրբեջանին հնարավորություն է տալիս իր թիկունքում պայմանավորվածություններ ձեռք բերել ՌԴ–ի հետ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արթուր Խաչիկյանը։
Հայտնել ենք, որ հոկտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չմեկնեցին Բիշքեկ՝ մասնակցելու ԱՊՀ գագաթաժողովին, իսկ նոյեմբերի 7–ին հաղորդվեց, որ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցի Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպմանը, որը նախատեսված է նոյեմբերի 8–ին Մոսկվայում։
«Բոյկոտելով ԱՊՀ կամ ՀԱՊԿ շրջանակներում անցկացվող միջոցառումները՝ ՀՀ–ն հնարավորություն է տալիս Ադրբեջանին իր թիկունքում պայմանավորվել ՌԴ–ի հետ»,– մտավախություն ունի Խաչիկյանը:
Խաչիկյանի խոսքով՝ Փաշինյանի կառավարությունն ամեն ինչ անում է ՌԴ–ի հետ հարաբերությունները քանդելու համար, թեև նրա թիմի ներկայացուցիչները հայտարարում են, թե ամեն ինչի մեղավորը ՌԴ–ն է։
«Պրահայում ՀՀ իշխանությունները Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելու մասին փաստաթուղթ են ստորագրում, բայց հետո ասում, թե իրենք չեն հանձնել ԼՂ–ն։ Փաշինյանի թիմի այս կենցաղային մակարդակի խորամանկությունն էլ պատճառ դարձավ երկրի բոլոր դժբախտությունների համար։ Մենք բոլորս հիշում ենք նրանց հայտարարությունները մինչև իշխանության գալը, երբ նրանք ասում էին, թե բոլոր խնդիրների հիմքը ՌԴ–ն ու ԼՂ–ն են։ Եվ երբ նրանք հայտնվեցին երկրի ղեկին, մենք սկսեցինք կորցնել ամեն ինչ»,– ասում է Խաչիկյանը։
Փորձագետը մտավախություն ունի, որ ՀՀ ղեկավարության քայլերը կհանգեցնեն ՌԴ–Ադրբեջան և ՌԴ–Թուրքիա էլ ավելի մերձեցմանը:
Փորձագետը նաև հակված չէ կարծելու, որ ՀՀ գործող իշխանություններն ավելի արևմտյան արժեքների կրող են, ինչի պատճառով էլ իբր խզում են կապերը ՌԴ–ի հետ։ Ըստ նրա` իրականում իշխող թիմը ոչ մի պատկերացում չունի արևմտյան արժեքների, քաղաքական մտքի, քաղաքագիտության և այլնի մասին: Հակառակ դեպքում ՀՀ–ն կկարողանար գոնե նորմալ, արդյունավետ համագործակցություն զարգացնել նույն Արևմուտքի հետ: Մինչդեռ տեսնում ենք մի պատկեր, երբ Փաշինյանն իր թիմով փչացնում է հարաբերությունները ՌԴ հետ` փոխարենը ոչինչ չստանալով Արևմուտքից` բացառությամբ ֆրանսիական երեք ռադարների:
Հիշեցնենք` Հայաստանի պաշտպանության նախարարությունը հոկտեմբերի 23–ին հայտնեց, որ երկկողմ համագործակցության մասին փաստաթղթեր են ստորագրվել Ֆրանսիայի հետ։ Նույն օրը «Reuters»-ը գրեց, որ համաձայնագրով ՀՀ–ն կստանա երեք GM200 ռադար և Mistral շարժական ԶՀՀ, նաև մասնագիտական օգնություն կցուցաբերի հատուկ ստորաբաժանումների պատրաստման գործում։