ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբեր – Sputnik. Ադրբեջանցի դատախազը Բաքվում կայացած դատական նիստի ժամանակ 15 տարվա ազատազրկում է պահանջել Լեռնային Ղարաբաղի բնակիչ 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի համար։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Այսօրվա դատական նիստի ժամանակ դատախազ Մուկադդաս Սուլթանովը հայտարարել է, թե Խաչատրյանի դեմ մեղադրանքներն իբր հաստատված են: Նա նշել է, որ Խաչատրյանը հինգ տարվա ազատազրկում պետք է կրի բանտում, իսկ մյուս մասը՝ խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում։
Հիշեցնենք` անհետաձգելի բուժօգնություն ստանալու համար Արցախից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները առևանգեցին հուլիսի 29–ին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է ներկայացվել, ըստ որի` Վագիֆ Խաչատրյանն իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։
Խաչատրյանը դատական նիստերի ընթացքում բազմիցս հայտարարել է, որ որևէ հանցագործություն չի կատարել։