ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի մի քանի հիվանդանոցում բուժաշխատողների աշխատավարձերը սահմանված ժամկետներում չեն տրամադրվում։ Այս մասին ԱԺ առողջապահության, ինչպես նաև ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց ՔՊ–ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։
Նա ընդգծեց, որ հաճախ են դիմում նման հարցով և նույնիսկ լինում են դեպքեր, երբ մի քանի ամսով չեն վճարվում։ Հարցին, թե ինչով է պայմանավորված, որ բուժկենտրոններում աշխատակիցների աշխատավարձերը երբեմն ուշացնում են, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շեշտեց` բոլորը պարտավորեն են ճիշտ ժամկետում վճարել աշխատավարձերը։
«Կարծում եմ` պետք չէ առանձնացնել բուժհաստատությունները։ Ցանկացած կազմակերպություն պետք է իր անձնակազմի աշխատավարձը ճիշտ ժամկետներում ամբողջովին վճարի։ Աշխատակիցներն էլ պետք է իրենց աշխատանքային իրավունքները պաշտպանեն։ Եթե կոնկրետ դեպք գիտեք, խնդրում եմ նշեք, հասկանանք՝ ինչն է խնդիրը»,– նշեց նախարարը։
Նա ընդգծեց` ԲԿ-ներն իրենց ծախսերն ու եկամուտներն այնպես պետք է պլանավորեն ու նախահաշիվները կազմեն, որ աշխատավարձի որևէ ուշացում չլինի։ Նախարարը շեշտեց` պետպատվերի շրջանակներում ԲԿ-ները ֆինանսավորվում են րոպե–րոպե՝ առանց որևէ ուշացման։
Այս դիտարկմանն ի պատասխան պատգամավորը խնդրեց ուսումնասիրություն անցկացնել Ապարանի բժշկական կենտրոնում՝ պարզելու, թե ինչն է պատճառը, որ բոլոր աշխատակիցների աշխատավարձերն ուշացնում են, և մարդիկ 3, 4 և հաճախ մինչև 6 ամիս աշխատավարձ չեն ստանում։
Ավանեսյանն իր մոտ նշում կատարեց և խոստացավ անպայման զբաղվել այդ հարցով։