ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քրոջ` Տաթևիկ Վիրաբյանի խափանման միջոց կալանքը դատարանն այսօր փոխարինեց տնային կալանքով։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։
«Դատարանը Տաթևիկ Վիրաբյանի նկատմամբ կիրառեց տնային կալանք: Տաթևը քրեակատարողականից ազատ կարձակվի նոյեմբերի 21–ին»,– գրել է Բաբայանը:
Հիշեցնենք` սեպտեմբերի 20-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ բռնության և զանգվածային անկարգության կոչերի համար քրեական վարույթ է նախաձեռնվել Տաթևիկ Վիրաբյան անունով օգտատիրոջ նկատմամբ։ Սեպտեմբերի 24–ին Տաթևիկ Վիրաբյանը 2 ամսով կալանավորվեց։ Հոկտեմբերի 19-ին հայտնի դարձավ, որ նրա կալանքի ժամկետը երկարաձգվել է։
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Ագնեսա Խամոյանը, Լիլիթ Գալստյանը, Աննա Գրիգորյանը, Ասպրամ Կրպեյանը, Արեգնազ Մանուկյանը և Քրիստինե Վարդանյանը երաշխավորություններ են տվել Տաթև Վիրաբյանի ազատ արձակման համար: