ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Մի ակտիվիստ մկների տուփ է բերել Ստամբուլում McDonald's-ի մասնաճյուղերից մեկը՝ ի նշան Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների դեմ բողոքի։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Cumhuriyet թերթի հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես է տղամարդը մկներով տուփը բերում հաճախորդներով լի ռեստորան և բաց թողնում նրանց՝ բղավելով. «Մուսուլմանների մսի փոխարեն այս մկներին կերեք»:
Թերթի տվյալներով, խոսքը քաղաքի արևմուտքում՝ Մերթեր թաղամասում գտնվող ռեստորանի մասին է։ Միջադեպի հետևանքներն այս պահին հայտնի չեն: Ընդ որում, ավելի վաղ McDonald's Türkiye հայտարարություն էր տարածել, որում հերքել էր իր կապը իսրայելական ռեստորանների ցանցի հետ նշելով, որ Գազայի բնակիչներին 1 մլն դոլարի մարդասիրական օգնություն է ուղարկել:
McDonald's և Starbucks սրճարանների դեմ բողոքի ակցիաները Թուրքիայում շարունակվում են արդեն մի քանի շաբաթ, սակայն դրանց պատճառով որևէ կետ չի փակվել։