ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Հայաստանը պաշտոնական հայտ է ներկայացրել 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի միջազգային մարզամշակութային խաղերը Հայաստանում հյուրընկալելու համար։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը Կամերունում` Ֆրանկոֆոնիայի նախարարների 44-րդ համաժողովի ժամանակ։
Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից։
Նոյեմբերի 4-ից 5-ը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը Կամերունի մայրաքաղաք Յաունդեում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության օրակարգում գտնվող տարբեր հարցերի առնչությամբ։
Անդրադառնալով Հայաստանի ու ՖՄԿ միջև համագործակցության լայն օրակարգին՝ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի հավատարմությունը կազմակերպության հիմնարար արժեքների, մասնավորապես՝ խաղաղության, ժողովրդավարության, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության տարածման և ամրապնդման ուղղությամբ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վահե Գևորգյանն իր ելույթում անդրադարձել էր ԼՂ–ից բռնի տեղահանվածների խնդրին ու նշել, որ պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել ժողովրդի իրավունքները երաշխավորելու համար։