Ինչ մեխանիզմով են ինքնազբաղներն ու գյուղատնտեսությամբ զբաղվողները կենսաթոշակի անցնելու

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կենսաթոշակային օրենսդրության փոփոխությունները կներկայացնի Ազգային ժողով, որպեսզի դրանք ուժի մեջ մտնեն 2024 թվականի երկրորդ կիսամյակից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախատեսում է մշակել և իրացնել նոր կարգավորում, որը հնարավորություն կտա աշխատաշուկայի օրինական դաշտից դուրս մնացած ինքնազբաղներին և գյուղատնտեսությամբ զբաղվողներին կամավորության սկզբունքով հայտարարագրել իրենց եկամուտները և վճարելով դրանից հաշվարկվող հարկերն ու վճարները` կուտակել աշխատանքային ստաժ, ինչը կհաշվարկվի կենսաթոշակի անցնելիս։ Այս մասին 2024 թ. պետական բյուջեի քննարկմանը` ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
ԼՂ–ից տեղահանվածները կենսաթոշակ կստանան բնակության վայրի հասցեով հաշվառված լինելու դեպքում
Նախարարությունը կենսաթոշակային օրենսդրության այս և այլ փոփոխությունները կներկայացնի Ազգային ժողով, որպեսզի դրանք ուժի մեջ մտնեն 2024 թվականի երկրորդ կիսամյակից։
«1974 թվականին և դրանից հետո ծնվածների դեպքում պետությունը կկատարի օրենքով սահմանված պարտադիր կուտակումները քաղաքացու կենսաթոշակային հաշվին»,- հավելեց նախարարը։
Նշենք, որ խորհրդային տարիներին գյուղացիների համար ստաժը հաշվարկվում էր կոլտնտեսություններում և սովխոզներում մասնակցության հիման վրա (և դրանց անդամ էին գրեթե բոլոր գյուղացիները): Բացի այդ, զբաղվածությունը պահպանելու համար գյուղերում բացվում էին արդյունաբերական ձեռնարկություններ (այդ թվում՝ շրջկենտրոններում տեղակայված գործարանների մասնաճյուղեր)։ ԽՍՀՄ փլուզմամբ գյուղացիները կորցրին ստաժ հավաքելու այս բոլոր հնարավորությունները։
2024–ին սոցապնախարարությունը բյուջեի 62,4 %–ը կուղղի կենսաթոշակային ապահովության ծրագրերին
Նշենք, որ Ազգային վիճակագրական ծառայության վերջին տվյալներով՝ Հայաստանի գյուղերում ապրում է մոտ 1 մլն 82 հազար մարդ (հանրապետության բնակչության մոտ 37%-ը)։