ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ քննարկել է կառույցների միջև փոխգործակցության հարցերի լայն շրջանակ։ Այս մասին հայտնել է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ զրույցը տեղի է ունեցել տեսակոնֆերանսի ձևաչափով։
Կողմերն ընդգծել են տարածաշրջանային կանխարգելիչ գործունեության հաշվին անվտանգության ռազմավարական ռիսկերի նվազմանն ուղղված միջազգային համաձայնեցված քայլերի կարևորությունը։
Ուշադրություն է դարձվել ՀԱՊԿ քարտուղարության և ՄԱԿ–ի մասնագիտական կառույցների աշխատանքային շփումների հետագա զարգացմանը` ահաբեկչության դեմ պայքարի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, միջսահմանային հանցագործությունների, անօրինական միգրացիայի, ինչպես նաև խաղաղապահության ոլորտում փոխգործակցության հարցերի շուրջ։
Նշվել է ահաբեկչական գաղափարախոսության տարածման և քարոզի դեմ պայքարի և տեղեկատվական անվտանգության ոլորտում ջանքերի միավորման կարևորությունը։ Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումը։