Հայաստանը երբևիցե այսքան ցածր գործազրկության մակարդակ չի ունեցել. ՀՀ ֆինանսների նախարար

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱԺ–ում. Արխիվային լուսանկար
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի խոսքով` գործազրկության նվազումն ակնհայտ է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում գործազրկության մակարդակը գնալով նվազում է, չնայած որ աշխատանքի հետ կապված ծրագրերը պետք է լավարկվեն։ Այս մասին 2024 թ. պետական բյուջեի քննարկմանը` ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
«Ես չեմ հիշում, որ այսքան ցածր գործազրկության մակարդակ ունեցած լինի Հայաստանը երբևիցե»,- ասաց նախարարը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն էլ իր հերթին նշեց, որ գործազրկության նվազումն ակնհայտ է։ 2023 թվականին գործազրկության ցուցանիշը 11,7 % է, իսկ 2022 թվականի նույն ժամանակահատվածին 13 % էր:
Նրա խոսքով` դա իր ազդեցությունը պետք է թողնի նաև աղքատության կրճատման ցուցանիշների վրա:
«2022 թվականի աղքատության ցուցանիշը հրապարակվեց: Եթե նախորդ տարի 26,5 տոկոս էր, ապա հիմա ունենք 24,8 տոկոս: Նաև ծայրահեղ աղքատությունն է նվազել 1,5-ից 1,2 տոկոս»,- ասաց նախարարը:
Նա նշեց, որ համաշխարհային բանկի տարբեր փորձագետներ նախորդ տարի այս տարվա համար, հաշվի առնելով տարբեր գործոններ, կանխատեսում էին մինչև 39,6 տոկոս աղքատության հնարավոր աճ։