ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Գազայի հատվածում իսրայելական ռմբակոծություններից զոհվածների թիվը գերազանցել է 10 հազարը, հայտնում է al Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով անկլավի առողջապահության նախարարությանը:
Ավելի վաղ Գազայի հատվածում առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ զոհերի թիվը գերազանցել է 9,7 հազարը, տուժել է ավելի քան 24,8 հազարը:
«Գազայի հատվածի վրա օդային հարձակումներից զոհվածների թիվը հասել է 10022 - ի, նրանցից 4104 - ը երեխաներ են», - հայտնում է հեռուստաալիքը:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։