Գազայի բնակիչներին վտարելու ցանկացած փորձ հավասարազոր է պատերազմ հայտարարելու. Հորդանան

Ինչպես նշել է Հորդանանի վարչապետ Բիշեր ալ Հասաունան, պաղեստինական անկլավում հանցավոր ռազմական գործողությունների շարունակումը իրենից ներկայացնում է միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Գազայի հատվածից կամ Հորդանան գետի արևմտյան ափից պաղեստինցիներին վտարելու ցանկացած փորձ Հորդանանի համար կարմիր գիծ է։ Այս մասին հայտարարել է թագավորության վարչապետ Բիշեր ալ Հասաունան։ Al Mamlaka հեռուստաալիքին հղում անելով` նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ–ը։
«Հորդանանի կառավարությունն իրենց տարածքից պաղեստինցիների վտարումը հավասարազոր է համարելու պատերազմ հայտարարելուն։ Սեղանին են դրված արձագանքման բոլոր տարբերակները` Գազայում իսրայելական ագրեսիայի էսկալացիայի դեպքում», – հայտարարել է նա։
Վարչապետի խոսքով` պաղեստինական անկլավում հանցավոր ռազմական գործողությունների շարունակումն իրենից ներկայացնում է միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում։
«Այդ խախտումների նկատմամբ անպատժելիությունն ու լռությունը ամոթալի երկակի ստանդարտներ է ցուցադրում։ Անհրաժեշտ է վերջ դնել Իսրայելին իմունիտետ և պաշտպանություն տրամադրելուն, որոնք նրան արտոնություն են տալիս պաղեստինյան քաղաքացիական բնակչությանը սպանելու համար», – հավելել է ալ Հասաունան։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։