ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն առաջարկում է հին նմուշի անձնագրերի տրամադրումը երկարաձգել, մինչև կենսաչափական անձնագրերի նոր համակարգ ներդրվի: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին հայտարարեց ծառայության պետ Արմեն Ղազարյանը` ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները։
«Առաջարկում ենք երկարաձգել հին նմուշի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը, մինչև ամբողջապես արդիականացված համակարգի ներդրումը լինի»,– ասաց նա։
Ներկայացնելով նախագիծը` Ղազարյանը տեղեկացրեց, որ 2017 թվականին ավարտվել է ՀՀ–ին կենսաչափական անձնագրեր և նույնականացման քարտերի համակարգը սպասարկող ու ձևաթղթեր մատակարարող լեհական ընկերության հետ կնքված պայմանագրի ժամկետը։ Այս պահին աշխատանքներ են տարվում արդիականացման և դրա հիմքով պայմանագիր կնքելու ուղղությամբ։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հետաքրքրվեց, թե երբ ՀՀ բոլոր քաղաքացիները կստանան կենսաչափական անձնագիր, ու խնդրեց կոնկրետ ամիս ու տարեթիվ նշել։ Ղազարյանը դժվարացավ պատասխանել այս հարցին։
«Ո՛չ, չեմ կարող ասել, որովհետև մինչև մրցույթը չլինի, մենք չիմանանք` որ գործընկերոջ հետ ենք աշխատում, որքան ժամանակում է հնարավոր տեխնիկապես ներդնել այդ համակարգը, ես այդ հարցին չեմ կարող պատասխանել»,– ասաց նա։
Ծառայության պետը հավելեց, որ տարիներ շարունակ Հայաստանի անձնագրային համակարգում ներդրում չի կատարվել ու արդիականացնում չի եղել, ուստի հիմա գործն ավելի դժվար է։
Գեղամ Մանուկյանն արձագանքեց` Հայաստանի բոլոր ոլորտներում է այս վիճակը։
«Հանգուցյալ պապս կասեր` էշ, մի սատկի, գարուն կգա, բոլոր տեղերում նույն բանն է, դուք պատասխանատուն եք, դուք ունենք երկարաժամկետ, կարճաժամկետ ու միջնաժամկետ ծրագրեր։ Եթե եկել եք այստեղ ու ասում եք` չգիտեմ, էլ ինչի՞ համար են պետական ինստիտուտները»,– ասաց Մանուկյանը։
Հարցը պարզաբանելու համար խոսակցությանը միջամտեց Հայաստանի կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը։ Նա տեղեկացրեց, որ այս պահին նախաորակավորման աշխատանքներ են կատարվում, ինչից հետո միայն հնարավոր կլինի վերջնական մրցույթ իրականացնել։
«Մինչև տարվա վերջ նախաորակավորման մրցույթ կհայտարարվի, դա մոտ 2-3 ամիս կտևի , դրանից հետո կհայտարարվի առաջարկների ներկայացման փուլը, դա էլ 3-4 ամիս կտևի։ Այսինքն` հաջոր տարվա երկրորդ կեսին նոր պայմանագիր կկնքվի»,– ասաց նա։
Երիցյանը վստահեցրեց, որ 2025 թ.ին արդեն հնարավոր կլինի տրամադրել կենսաչափական անձնագրեր։
Հիշեցնենք` 2022 թվականի նոյեմբերին կառավարությունը որոշեց մինչև 2024թ. հունվարի 1-ը դադարեցնել ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը։ Որոշման մեջ նշվում էր, որ կենսաչափական անձնագրեր չեն տրամադրի մինչև ապագա սերնդի տեխնոլոգիաներով և անվտանգության պայմաններով օժտված կենսաչափական անձնագրերի ստեղծումն ու աստիճանաբար հին անձնագրերի նորերով փոխարինումը: