ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Երուսաղեմի հին քաղաքի հայկական թաղամասի հարավ–արևմտյան հատվածում, որը հայտնի է որպես «Կովերի պարտեզ», իրավիճակը լարվել է, սակայն կողմերին հաջողվել է համաձայնության գալ: Այս մասին հայտնել Է Երուսաղեմի թեմի առաջնորդական փոխանորդ Աղան Գոգչյանը։
Նոյեմբերի 1–ին Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանը նամակ է հղել «Xana Gardens» ընկերությանը՝ չեղյալ հայտարարելու 2021 թ. հուլիսի 8–ի համաձայնագիրը, որի համաձայն՝ հողամասը 99 տարով վարձակալության էր հանձնվել գործարար Դանիել Ռուբինշտեյնին՝ հյուրանոցի կառուցման համար։
«Նախօրեին երկրորդ կողմը զինված մարդկանց ու շների էր բերել՝ տարածքն ազատելու պահանջով։ Դրան ի պատասխան՝ Հայոց պատրիարքը, հոգևորականներն ու համայնքի ներկայացուցիչները հավաքվել են այնտեղ՝ հայտնելով իրենց դժգոհությունը։ Ժամեր անց կողմերը բաժանվեցին՝ պայմանավորվելով սպասել պատրիարքարանի նամակի պատասխանին»,– գրել է Գոգչյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքության առաջնորդ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն անձամբ է ստորագրել «Կովերու պարտեզի» տարածքը 99 տարով վարձակալության հանձնելու մասին պայմանագիրը գործարար Դենիել Ռուբինշտեյնին՝ հյուրանոց կառուցելու համար: Հայ համայնքը Երուսաղեմում պարբերաբար բողոքի ակցիաներ է անցկացնում` այս գործարքի դեմ։
Տարածքը ինքնին, ինչպես նաև այնտեղ գտնվող գիմնազիան և ճեմարանը մեկ ամբողջություն են։ Համայնքի ներկայացուցիչները կարծում են, որ այդ տարածքի նկատմամբ վերահսկողության կորուստը բացասաբար կանդրադառնա հայկական թաղամասի կյանքի վրա և այն խոցելի կդարձնի: