ԵՄ հատուկ ներկայացուցիչը խոստացել է, որ Վրաստանը Եվրամիության անդամ կդառնա

Բրյուսելում վերջնական աշխատանքներն են ընթանում, վերջին փոփոխություններն են մտցնում Եվրահանձնաժողովի հաշվետվության մեջ, որը կհրապարակվի նոյեմբերի 8-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Արևելյան գործընկերության հարցերով արտաքին կապերի եվրոպական ծառայության հատուկ ներկայացուցիչ Դիրկ Շուբելը հայտարարել է, որ Վրաստանն ապագայում Եվրամիության անդամ կդառնա։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ–ը` հղում անելով վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և ԵՄ անդամ երկրների ու Արևելյան գործընկերության հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի թբիլիսիյան բանակցությունների արդյունքներով Վրաստանի կառավարության մամուլի ծառայության հաղորդագրությանը։
«ԵՄ–ն Վրաստանի կողքին է, և մենք չենք կասկածում, որ ապագայում երկիրը Եվրամիության անդամ կդառնա», – ասել է Շուբելը։
Դիվանագետը հավելել է, որ հատուկ ներկայացուցիչների այցը Թբիլիսի ԵՄ հաշվետվության (այն մասին, թե որքանով է Վրաստանը կատարել 2022 թվականի ամռանը իրեն տրված 12 հանձնարարականները՝ ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար) հրապարակումից երկու օր առաջ «լավ նշան» է։ Շուբելի խոսքով` այժմ Բրյուսելում ավարտական աշխատանքներն են ընթանում, վերջին փոփոխություններն են մտցնում Եվրահանձնաժողովի հաշվետվության մեջ, որը կհրապարակվի նոյեմբերի 8-ին։
Կառավարության մամուլի ծառայության տեղեկություններով` Ղարիբաշվիլին և հատուկ ներկայացուցիչները հանդիպմանը քննարկել են նաև 12 հանձնարարականների կատարման դինամիկան։ Ղարիբաշվիլին նշել է, որ Վրաստանը բոլոր ուղղություններով առաջընթացի է հասել և առավելագույն է արել դրանց կատարման համար։ Վրացական կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ հանձնարարականները կատարելու ուղղությամբ Վրաստանի ջանքերը ըստ արժանվույն կարտացոլվեն Եվրահանձնաժողովի հաշվետվության մեջ։
2022 թվականի հունիսին ԵՄ առաջնորդները միության անդամակցության թեկնածուի կարգավիճակ են տրամադրել Մոլդովային և Ուկրաինային։ Նրանք ճանաչել են Վրաստանի եվրոպական հեռանկարը, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել նրան թեկնածուի կարգավիճակ տալ 12 պայմանների կատարումից հետո։