ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի - Sputnik. Հետախույզի մասնագիտական տոնի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմի ուղեկցությամբ այցելել է ՀՀ ՊՆ հատուկ նշանակության զորամաս:
Սուրեն Պապիկյան
© Photo : ՀՀ ՊՆ/MoD of Armenia
Նախքան հանդիսավոր միջոցառման մեկնարկը՝ նախարար Պապիկյանը և հրավիրվածները մասնակցել են 44-օրյա պատերազմի և դրան հաջորդած մարտական գործողությունների ընթացքում անմահացած զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշապատի բացման արարողությանը։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծաղկեպսակ և ծաղիկներ է խոնարհել զոհվածների հիշատակը հավերժացնող հուշանկյանն ու խաչքարին։
«Հանդիսավոր միջոցառման ժամանակ նախարար Պապիկյանը, բարձր գնահատելով հետախույզի դերն ու նշանակությունը զինված ուժերի մարտունակության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության գործում, հիշեցնելով «Մեկ անգամ հետախույզ, ընդմիշտ հետախույզ» կարգախոսը, ընդգծել է այն մեծ պատասխանատվությունն ու առաքելությունը, որը դրված է առանց փառքի իրավունքի սխրանքներ գործող զորակազմի ուսերին»,-նշված է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Սուրեն Պապիկյանը վստահեցրել է, որ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը հետամուտ է լինելու զորատեսակի արհեստավարժության ամրապնդմանը, կարողությունների կատարելագործմանը:
Այսօր Հետախույզի օրն է. Սուրեն Պապիկյանն այցելել է զորամաս
© Photo : ՀՀ ՊՆ/MoD of Armenia
Միջոցառման ավարտին հատուկ նշանակության ստորաբաժանումների մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, կրծքանշաններով և արժեքավոր նվերներով։
Հետմահու պարգևատրված զինծառայողների պարգևները նախարարը հանձնել է նրանց ընտանիքների անդամներին:
Այսօր Հետախույզի օրն է. Սուրեն Պապիկյանն այցելել է զորամաս
© Photo : ՀՀ ՊՆ/MoD of Armenia