ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և զինված ուժերի շուրջ 20 ներկայացուցչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։
Քննչական կոմիտեից լրատվամիջոցին նաև հայտնել են, որ նշված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում քրեական հետապնդում է հարուցվել նաև «Քարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նուրլան Իբրահիմովի նկատմամբ։
Հիշեցնենք, որ վերջին տվյալներով՝ 2020 թ. աշնանը Լեռնային Ղարաբաղում 44–օրյա պատերազմի զոհերի թիվը կազմում է 3 825 մարդ։ 187 զինծառայողի և 21 խաղաղ բնակչի գտնվելու վայրն անհայտ է։ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի և կատարված պատերազմական հանցագործությունների դեպքերի առթիվ ՀՀ–ում քրեական գործ է հարուցվել։ Բացի այդ, Հայաստանն Ադրբեջանի դեմ հայցեր է ներկայացրել ՄԻԵԴ և ՄԱԿ–ի Միջազգային դատարան։