ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2024 թվականի պետական բյուջեի հատկացումներով նախատեսում է իրականացնել 16 ծրագիր և 84 միջոցառում։ Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Նշենք, որ 2024 թվականի բյուջեով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը կտրամադրվի 755 մլրդ 291 մլն դրամ, որը նախորդ տարվա բյուջեի համեմատ աճել է 101 մլրդ 512 մլն դրամով կամ 15,5%–ով։
«Այս աճը հիմնականում պայմանավորված է ժողովրդագրական վիճակի բարելավման, կենսաթոշակային, սոցիալական ապահովության և այլ ոլորտներում նախատեսվող բարեփոխումներին ուղղված ֆինանսական միջոցների աճով»,–ասաց նա։
Մկրտչյանի խոսքով` 2024 թվականին սոցիալական պաշտպանության ծրագրերի բյուջեի 62,4 % –ը կուղղվի կենսաթոշակային ապահովության ծրագրերին, 14,4 % –ը` սոցիալական ապահովության, 8,8 % –ը կուղղվի ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը, 4% –ը` սոցիալապես անապահով խմբերի աջակցությանը։
2024 թվականին կշարունակվեն տրամադրվել մինչև 2 տարեկան երեխաների խնամքի նպաստները, որոնց համար նախատեսված է 27 մլրդ 977 մլն դրամ։ Երեխայի ծննդյան միանվագ նպաստների տրամադրման համար նախատեսվել է 20 մլրդ 650 մլն դրամ։ Կշարունակվի իրականացվել 2022 թ–ի հունվարի 1–ից հեոո ծնված երեխաների ընտանիքում երկրորդ և հաջորդ երեխաների ծնվելու կապակցությամբ ամսական 50.000 դրամ աջակցության տրամադրումը։ Ծրագրի համար նախատեսված է 17 մլրդ դրամ։