ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. 2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կգործարկվի կենսաթոշակների հաշվարկման նոր բանաձև։ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Նախ՝ կվերանա նվազագույն կենսաթոշակը, որն այժմ կազմում է 36 հազար դրամ։ Բացի այդ, աշխատանքային ստաժի առաջին 10 տարվա հաշվեգրումները կհավասարեցվեն հետագա տարիների հետ (այժմ աշխատանքային ստաժի առաջին 10 տարվա համար կուտակվում է 950 դրամ, իսկ հետագա տարիների համար՝ 500 դրամ):
«Կենսաթոշակը բաղկացած կլինի հիմնական կենսաթոշակից, և դրան կգումարվեն յուրաքանչյուր տարվա ստաժի արժեքները։ Կգործի նաև գործակից, որով կխրախուսվի ավելի երկար տարիների ստաժը։ Բացի այդ ավագ սերնդի ներկայացուցիչներին աշխատաշուկայում ակտիվ պահելու համար ԱԺ աջակցությամբ փոփոխություն կատարեցինք օրենքում, ըստ այդմ` կենսաթոշակային տարիքը չէ այն սահմանը, որ գործատուն պետք է լուծի պայմանագիրը»,–ասաց նա։
Բացի այդ, կգործի կենսաթոշակի տարիքն առնվազն 1 տարով հետաձգելու և դրա դիմաց հետագայում ավելի բարձր կենսաթոշակ ստանալու կամավոր նոր մեխանիզմ։
Նախարարը խոստացավ մյուս փոփոխությունների մասին խոսել առաջիկայում։