Թուրքիան Բլինկենին 4 առաջարկ կներկայացնի Գազայում իրավիճակի կարգավորման վերաբերյալ

Թուրքիայի ԱԳՆ շենքը
Թուրքիայի և ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունները նախատեսված են նոյեմբերի 6-ին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի այցի ընթացքում նրան կներկայացնի պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման վերաբերյալ Անկարայի 4 առաջարկները։ Տեղեկությունը հայտնում է Yeni Akit թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի բանակցությունները ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ նախատեսված են նոյեմբերի 6-ին:
«Բլինկենի և Ֆիդանի հանդիպման ժամանակ Թուրքիայի օրակարգում 4 կարևոր թեմա կա։ Դրանք են՝ անհապաղ հրադադարի ընդունում, տարածաշրջանում հակամարտության տարածման կանխարգելում, երաշխավոր երկրների բանաձև և մարդասիրական օգնություն»,– գրում է թերթը։
Նշվում է նաև, որ մինչ Թուրքիան և տարածաշրջանի որոշ երկրներ ջանքեր են գործադրում հրադադարի հաստատման համար, ԱՄՆ–ն և արևմտյան երկրները շարունակում են աջակցել Իսրայելին։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։
Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի նախկին վարչապետները ժամանել են Իսրայել. ԶԼՄ-ներ