ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայի հատվածում հրադադար չի լինի առանց պատանդների ազատ արձակման, գործողությունը կշարունակվի մինչև հաղթանակ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ես ուզում եմ, որ դուք էլ իմանաք մի բան՝ առանց պատանդների վերադարձի հրադադար չի լինի, թող դա ընդհանրապես վերանա խոսույթից։ Մենք սա ասում ենք մեր թշնամիներին և մեր ընկերներին։ Մենք կշարունակենք պայքարել այնքան, մինչև չհաղթենք նրանց, մենք այլընտրանք չունենք: Կարծում եմ, որ այսօր բոլորը դա հասկանում են», - ասել է Նեթանյահուն ռազմաօդային ուժերի բազաներից մեկում զինվորականների առջև:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։