ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Արցախից բռնի տեղահանված և Բյուրեղավանում հաստատված Հակոբյանների ընտանիքը մինուճար որդու՝ 20-ամյա Ռաֆայելի մասին շուրջ մեկ ամիս որևէ տեղեկություն չուներ։ Սպասում էին ամենավատին` ԴՆԹ թեստի հաստատմանը, դրա փոխարեն որդուց զանգ են ստանում. ողջ է, Ստեփանակերտում է։ Հրաշք թվացող այս պատմության մասին mediahub.am–ում տեսանյութ է պատրաստել Հունան Թադևոսյանը, որը նախկինում Արցախի ներքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետն էր։
Հակոբյանները որդու հետ վերջին անգամ խոսել էին սեպտեմբերի 18-ին, հաջորդ զանգն արդեն հոկտեմբերի 22-ին էր։
«Աստված է պահել»,– լրագրողի հետ զրույցում ասում է Ռաֆայելը, որը մեկ ամիս քնել է անտառներում, կերել անտառային հատապտուղներ, մոշ ու մասուր, Մարտակերտի շրջանի Վանք գյուղից ոտքով հարյուրավոր կիլոմետրեր է անցել` չիմանալով, որ պատերազմն ավարտվել է, Արցախի ամբողջ բնակչությունը` տեղահանվել։
Ռաֆայելի խոսքով` արդեն Գետավանի հանգստյան գոտիներից մեկի շինությունում ադրբեջանցի ոստիկանն է նկատել իրեն, սակայն չի վնասել ու փոխանցել է Կարմիր խաչի առաքելության աշխատակիցներին։ Նրանց օգնությամբ էլ Ռաֆայելը տեղափոխվել է Ստեփանակերտ, անգամ իրենց տուն է գնացել։
«Երբ քաղաքն ու տունը դատարկ եմ տեսել, հասկացել եմ՝ Արցախն այլևս հայկական չէ»,– ասում է Ռաֆայելը։
Ի դեպ, Ռաֆայելի հայրը՝ Մխիթարը, փրկարար ծառայության աշխատակից է, նա իր որդուն անգամ զոհվածների մեջ է փնտրել։ Հայրը երազում է, որ բոլոր անհետ կորածները իր Ռաֆոյի ճակատագիրն ունենան, բոլորը վերադառնան։
Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուրում։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։