ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի վերջին հարձակման և իրականացված էթնիկ զտումների մասին հազարավոր հրապարակումներ են արվել միջազգային մամուլում։ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը «X»–ի իր էջում որոշ տվյալներ է հայտնել սեպտեմբեր–հոկտեմբեր ամիսներին միջազգային մամուլի լուսաբանումների մասին։
«Ամբողջ աշխարհում հրապարակումների թիվը սեպտեմբերին գերազանցել է 1000–ը, իսկ հոկտեմբերին՝ 800-ը, ներառյալ հայրենիքից հեռացող 100-հազարավոր մարդկանց սրտակեղեք պատմությունները»,– գրում է Բադալյանը:
ԱԳՆ խոսնակը շեշտում է, որ սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի ռազմական հարձակումից և դրան հաջորդած էթնիկ զտումներից հետո իրավիճակի միջազգային օբյեկտիվ լուսաբանումն արձանագրելը կենսականորեն կարևոր է։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։