Թերզյանը ՀՀ նախագահին ներկայացրել է ԼՂ-ից տեղահանվածների աջակցության ծրագրերի մանրամասները

Պետրոս Թերզյանը և Վահագն Խաչատուրյանը
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամն ու ՀՀ նախագահը քննարկել են նաև Սյունիքի և Տավուշի մարզերի գյուղական համայնքներում իրականացվող բազմոլորտ գյուղատնտեսական զարգացման ծրագրերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Պետրոս Թերզյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցության, բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված նախատեսվող ծրագրերի մանրամասները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Թերզյանը նշել է, որ այդ ծրագրերը կիրականացվեն ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ:

«Զրույցի ընթացքում քննարկվել է նաև Սյունիքի և Տավուշի մարզերի գյուղական համայնքներում իրականացվող բազմոլորտ գյուղատնտեսական զարգացման ծրագրերը, որոնք վերաբերում են անասնապահության նորագույն մեթոդներով կազմակերպմանը, նոր մշակաբույսերի ներմուծմանն ու ջերմոցային տնտեսությունների զարգացմանը»,– ասված է հաղորդագրությունում:

Ընդգծվել է, որ հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը պետք է ընդհանրական բնույթ ունենան և միտված լինեն Հայաստանում գյուղատնտեսության կազմակերպման նորագույն մեթոդների ներդրմանն ու համապատասխան մասնագետների պատրաստմանը: Այս համատեքստում կարևորվել է Տավուշում հիմնված գյուղատնտեսական դպրոցը, որտեղ համապատասխան գիտելիքներ և փորձառություն են ստանում դպրոցի շուրջ 40 սաներ:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև համայնքներում էկոտնտեսությունների հիմնադրման և զարգացման հնարավորությունների վերաբերյալ:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։