ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Մոսկվան Երևանին Հռոմի ստատուտը` Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը չեղարկելու մասին առաջարկ էր ներկայացրել դեռ նախքան ՀՀ խորհրդարանիկողմից դրա վավերացումը: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարությունը` պատասխանելով «Лента.ру»-ի հարցմանը։
Հարցումը վերաբերել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանի այն հայտարարությանը, թե Հայաստանը դիվանագիտական խողովակներով Ռուսաստանին առաջարկել է երկկողմ միջպետական համաձայնագիր ստորագրել, որը կբացառի միջազգային դատարանի որոշումների կիրառումը երկու երկրներին վերաբերող հարցերում, սակայն պատասխան չի ստացել:
«Դա իրականությանը չի համապատասխանում»,- ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ում՝ հայտնելով, որ Մոսկվան պատասխանել է Երևանի առաջարկին։ Երկկողմ խորհրդակցությունների ընթացքում ռուսական կողմը պատասխան առաջարկներ է ներկայացրել՝ գնալ ՄՔԴ մեխանիզմների գործարկման ճանապարհով՝ առանց Հռոմի կանոնադրության վավերացման:
«Նման պրակտիկա կա։ Ցավոք, մեր փոխզիջումային հանգուցալուծումներն անտեսվեցին»,-ասվում է մեկնաբանության մեջ։
Ռուսաստանի ԱԳՆ-ում նաև նշել են, որ Երևանը զուտ քաղաքական դրդապատճառներով է ընդունել Հռոմի ստատուտի վավերացման մասին որոշումը։
«Եթե Երևանում շահագրգռված են սեփական ձեռքերով ստեղծված խնդիրների լուծման հարցում, ապա, մեր կարծիքով, հայկական իրավական համակարգի շրջանակներում դրա հնարավորությունները կան»,- հավելել են գերատեսչությունում:
Հիշեցնենք՝ ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 3-ին վավերացրեց Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը՝ պատճառաբանելով, որ այդ դեպքում Երևանը կարող է դատարանի առաջ բարձրացնել Հայաստանի և նրա բնակչության դեմ Ադրբեջանի ագրեսիայի և ռազմական հանցագործությունների հարցը (այդ թվում՝ 2021-22 թթ. ՀՀ տարածք ներխուժումների ընթացքում)։ ՌԴ-ում այս որոշումը խիստ բացասաբար ընդունեցին, քանի որ այդ կառույցը Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությանը ձերբակալելու օրդեր է տվել։ Հայաստանի պաշտոնյաներն իրենց հերթին վստահեցնում են, որ վավերացումն ուղղված չէ ՌԴ-ի դեմ, և Երևանն իրավիճակի վերաբերյալ մի շարք առաջարկներ է ուղարկել Մոսկվային: