ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) թույլ կտա, որ Գազայի հատվածի բնակիչները տեղական ժամանակով 13.00-ից մինչև 16.00-ն հյուսիսից հարավ տարհանվեն։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչ Ավիչայ Ադրայը։
Իսրայելական բանակն ավելի վաղ կոչ էր արել Գազայի բնակիչներին տարհանվել Գազայի հատվածի հարավում գտնվող Ալ-Մավասի շրջան, որտեղ անհրաժեշտության դեպքում կտրամադրվի միջազգային մարդասիրական օգնություն:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։