Իրանում ճիշտ ժամանակին են համարում «Հզբոլլահի» գլխավոր քարտուղարի նախազգուշացումը

Հասան Նասրալլայի կողմնակիցները
«Հզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղարը հանդես է եկել ելույթով, որում չի բացառել Մերձավոր Արևելքում լայնամասշտաբ պատերազմի հնարավորությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Իրանական կողմը համարում է, որ լիբանանյան «Հզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի նախազգուշացումն արվել է ճիշտ ժամանակին։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերի հանձնաժողովի անդամ Մահմուդ Աբբասզադե Մեշկինին։
Լիբանանյան «Հզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրալլան պաղեստինա-իսրայելական հակամարտության կտրուկ սրացումից ի վեր առաջին անգամ հանդես է եկել ելույթով: Նա նշել է, որ Իսրայելի դեմ ռազմական գործողությունները կարող են լայնածավալ պատերազմի վերածվել Մերձավոր Արևելքի տարածաշրջանում:
«Հասան Նասրալլան շատ ճիշտ ժամանակին նախազգուշացում է արել, և սովորաբար Նասրալլայի նախազգուշացումները լուրջ են։ Նա ոչ մեկի հետ չի կատակում»,- ասել է Մեշկինին:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։
Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 9,4 հազարը. առողջապահության նախարարություն