Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 9,4 հազարը. առողջապահության նախարարություն

Իսրայելը հարվածներ է հասցնում Գազայի հատվածին
Գազայի առողջապահության նախարարության ներկայացուցչի խոսքով՝ տուժածների թվում կա 3,9 հազար երեխա և 2509 կին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 9,4 հազարը, տուժել է ավելի քան 24 հազար մարդ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գազայի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Աշրաֆ ալ-Քիդրան։
«Այս պահի դրությամբ այդ ագրեսիայի զոհ է դարձել 9488 մարդ, այդ թվում՝ 3,9 հազար երեխա և 2509 կին, տուժել է 24158 մարդ»,- ասել է նա։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։