Ես մասնակից չեմ ո՛չ ԶՊՄԿ-ի գործերին, ո՛չ էլ իմ եղբոր բիզնես գործունեությանը․ Վանեցյան

Արթուր Վանեցյան
Արթուր Վանեցյանն ընդգծել է, որ իր անվան հիշատակումն ընդամենը աղմուկ ու հնչեղություն ապահովելու և քաղաքական շահարկումներ անելու խնդիր է հետապնդում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը համոզված է, որ եղբայրը՝ Կարեն Վանեցյանը, որևէ ապօրինություն չի գործել, իսկ նրա նկատմամբ հարուցված քրգործը շոու է։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան էջում` անդրադառնալով դատախազության հաղորդագրությանը։
Ավելի վաղ դատախազությունը հայտնել էր, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Շվեյցարիայի Համադաշնության և Հայաստանի Հանրապետության քաղաքացի Կարեն Վանեցյանի նկատմամբ՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ–ի 12.5 տոկոս բաժնետոմսերը հանցավոր ճանապարհով օրինականացնելու համար (փողերի լվացում)։

«Հաշվի առնելով լրատվամիջոցների, ինչպես նաև բազմաթիվ գործընկերների ակտիվ հետաքրքրվածությունը ՀՀ գլխավոր դատախազության այսօր տարածած հաղորդագրությանը և այդ հաղորդագրությունը Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթում իմ անվան հիշատակմամբ հրապարակմանը` տեղեկացնեմ, որ ես մասնակից չեմ ո՛չ Զանգեզուրի կոմբինատի գործերին, ո՛չ էլ իմ եղբոր բիզնես գործունեությանը: Բայց վստահեցնում եմ, որ Կարեն Վանեցյանի գործունեության մեջ որևէ հանցավոր արարք գտնելն ուղղակի անհնար է: Նույնիսկ այդ հոդվածում սևով սպիտակի վրա գրված է, որ նա որևէ ապօրինություն չի գործել»,- գրել է Վանեցյանը:

Նա ընդգծել է, որ իր անվան հիշատակումն ընդամենը աղմուկ ու հնչեղություն ապահովելու և քաղաքական շահարկումներ անելու խնդիր է հետապնդում:
Վանեցյանը հորդորել է այդ փաստին վերաբերվել հումորով, և համոզմունք է հայտնել, որ այս գործը շատ մոտ ապագայում ձախողվելու է։