Արցախցիների իրավունքների պաշտպանությունը կենսական անհրաժեշտություն է. հոգևոր խորհուրդ

Գերագույն հոգևոր խորհուրդ
Հոգևորականներն անդրադարձել են նաև Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի ժխտողական քաղաքականությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Արցախցիներին ուղղված հոգևոր խնամատարական, հումանիտար և հոգեբանական աջակցության ծրագրերը պետք է շարունակական լինեն։ Ինչպես հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը, այս մասին խոսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում։
«Անդրադառնալով Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների հետևանքով Արցախի ամբողջական հայաթափմանը՝ ԳՀԽ-ն ընդգծեց բռնի տեղահանված արցախահայության արդար իրավունքների պաշտպանության կենսական անհրաժեշտությունը։ Խիստ կարևորվեց արցախցիներին ուղղված հոգևոր խնամատարական, հումանիտար և հոգեբանական աջակցության ծրագրերի շարունակական իրագործումը, կեցության պայմանների բարելավման և զբաղվածության ապահովման ուղղությամբ աշխատանքների իրականացումը»,– ասված է հաղորդագրությունում։
Մտահոգությամբ անդրադարձ է կատարվել նաև Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի ժխտողական քաղաքականությանը։ Անհրաժեշտ է համարվել, որ միջազգային, միջեկեղեցական ու միջկրոնական, այլև բոլոր հնարավոր այլ հարթակներում հետևողականորեն ներկայացվեն հայկական հուշարձանների, սրբավայրերի ու գերեզմանատների նկատմամբ արձանագրված ոտնձգությունները և աշխատանքներ իրականացվեն հայկական ժառանգության անխաթար պահպանության ուղղությամբ։
Մայր աթոռը որոշել է պահպանել Արցախի թեմը
Նշենք, որ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը` Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդ նախագահությամբ, տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։