Թանկարժեք կոնյակից` էժանագին բրենդի. ՀՀ–ն որոշել է ենթարկվել Ֆրանսիային ու ԵՄ–ին

Արխիվային լուսանկար
Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյան Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է հայկական կոնյակը «Armenian brandy» անունով ԵՄ արտահանելու որոշմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Հայկական կոնյակի արտահանման հարցը «հայկական բրենդի» ապրանքային անվանումով, ունի երկու կողմ` քաղաքական և իրավական։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը։
«Բանն այն է, որ աշխարհի 186 երկներ, որոնք վավերացրել են կոնյակի հետ կապված օրենսդրությունը, բաժանված են 2 խմբի. մի խումբն այն երկրներն են, որոնք գրանցել են իրենց աշխարհագրակն անունները և կոնյակը, մյուս խումբը, որի մեջ մտնում է Հայաստանը, ԱՄՆ–ը և ևս 100 երկիր, կոնյակը չեն ընդունում որպես աշխարհագրական անվանում, այլ համարում են խմիչքի տեսակ, և այդ 102 երկիրն իրենց տարածքում և իրար հետ առևտրում ազատորեն օգտագործում են «կոնյակ» բառը»,– պարզաբանում է Հարությունյանը` հավելելով, որ, եթե Հայաստանը ցանկանար, պարզապես չէր ենթարկվի ֆրանսիացիների պահանջին։
«Ուղղակի իրավական կարգով կարող էր չեղարկել մեր կառավարության որոշումը` ՍԴ–ում կամ որևէ այլ ճանապարհով, և մենք կմնայինք որպես «հայկական կոնյակ» արտադրող երկիր։ Այդ դեպքում կշարունակեինք կոնյակ արտահանել ԱՄՆ կամ այլ երկրներ, բացի ԵՄ երկրներից»,– ասում է մասնագետը։
ՀՀ կառավարությունը, սակայն, որոշել է գնալ այլ ճանապարհով, կամ ինչպես Ավագ Հարությունյանն է բնորոշում` կուրորեն ենթարկվել Ֆրանսիային կամ ԵՄ–ին։
ՀՀ կառավարության այս որոշումը մեր զրուցակցի համար տարօրինակ է նաև այն տեսանկյունից, որ ԵՄ շուկայում այս պահին հայկական կոնյակի մասնաբաժինը չնչին է` համեմատած ռուսական, ամերիկյան, չինական շուկաների հետ։
Բացի այդ` միջազգային շուկայում «հայկական կոնյակ» բրենդով նույն կոնյակը մի քանի անգամ ավելի թանկ է, քան «հայկական բրենդին», քանի որ «բրենդին» ընդունված է համարել ավելի էժանագին ըմպելիք։
«Մենք 30 տարի այդ գնային խնդիրն ունենք,– նշում է Հարությունյանը,– Մենք կառավարությանը 30 տարի ասում ենք` եկեք անունը դնենք մի ուրիշ բան, սեփական բրենդ ստեղծենք, անգամ խորհրդային տարիներին էինք ասում։ Բայց մերոնք ասում էին, որ Խորհրդային Միությունն անմահ է, և այդ խնդիրն արդիական չէ»,– հիշում է նա։
Ավագն Հարությունյանն արձանագրում է, որ խնդիրն առկա է 1998-ից, երբ կոնյակի գործարանը հնձնվեց «Պեռնո Ռիկարին»։ Այդ պահիից ի վեր հայկական կոնյակը կորցրեց նոր բրենդով հանդես գալու իր հնարավորությունը։ Հետևաբար, նրա դիտարկմամբ, կառավարության նոր որոշումը իրավիճակի վրա արդեն որևէ նոր ազդեցություն չի գործի։
«Արարատ» կոնյակի սեփականատեր կոնցեռնը չի մեկնաբանում ՌԴ-ում գրասենյակի փակման մասին լուրը
Հարությունյանը հիշում է, որ հայկական կոնյակի նոր բրենդային անվան շուրջ քննարկումներն ու վեճերը տասնամյակների պատմություն ունեն։ Քննարկվել են «Մասիս», «Արաքս», «Արարատ» և այլ աշխարհագրական հանրահայտ անուններ, մեծ քննարկման առարկա է եղել նաև «Արգուն» անվանումը։ Բայց դրանցից և ոչ մեկը չի ընդունվել։ Արդյունքում հայկական թանկարժեք կոնյակը վերածվել է էժանագին բրենդիի։
Հիշեցնենք`ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր հայտարարել էր, որ ոլորտի խաղացողների ու խոշոր բրենդինգային ընկերությունների հետ քննարկել են ու որոշել, որ պետք է առաջ գնալ «Armenian brandy» աշխարհագրական տեղանունով։
Ըստ նրա` մինչ այդ էլ Եվրամիությունն էր վարձել խոշոր խորհրդատվական ընկերություն, որը նույն առաջարկն էր ներկայացրել։ Հիմա Հայաստանը ԵՄ–ի և հատկապես Ֆրանսիայի գործընկերների հետ աշխատում է, որպեսզի Armenian brandy–ն լինի ոչ թե պարզապես ապրանքային նշան կամ բրենդ, այլ որ այս անվանումն արդեն նշանակի որոշակի որակի չափանիշներ և վերահսկման խիստ համակարգ։