ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Թանգարաններում էլեկտրոնային տոմսային համակարգի կներդրվի։ Այսօր կառավարությունում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարության նախագիծը: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ռազմավարության նպատակները:
«Փաստաթղթի նպատակներից են մշակութային և ստեղծարար ոլորտների արդիականացումն ու նորարարությունը, մշակութային հասանելիությունն ու ներառականությունը, Հայաստանի դիրքավորումը որպես համաշխարհային քաղաքակրթական արժեքներ կրող և ստեղծող երկիր: Նախագծում ներկայացված են նաև այն հիմնական թիրախները, որոնց Կառավարությունը ձգտելու է հասնել սահմանված ժամանակահատվածում»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ռազմավարության նախագծով սահմանված առաջնահերթություններից է մշակութային ժառանգության գույքագրումն ու ինստիտուցիոնալացումը։ Նախատեսվում է հուշարձանների վերականգնում, արգելոց թանգարանների, հուշարձանների կադաստրի ստեղծում և վարում:
Վարչապետն ընդգծել է, որ մշակույթի ոլորտը ՀՀ կառավարության թիրախային ուղղություններից է: Նա հանձնարարել է առաջարկությունները և դիտարկումները ներառել ռազմավարության մեջ: