ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանն ավելացրել է Հայաստանի համար բենզինի մատակարարման քվոտան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը։
«Գազի, նավթամթերքների, բնական ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցության համաձայնագրի շրջանակներում նոյեմբերի 1-ին ՀՀ և ՌԴ միջև ստորագրված հավելվածով 2023 թվականի համար ավելացվել է Հայաստանի համար բենզինի քվոտան, ինչը հնարավորություն է տվել ՀՀ ներմուծողներին ՌԴ-ից գնել և ՀՀ ներմուծել հավելյալ 60 հազար տոննա բենզին»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` համաձայն կողմերի միջև 2013 թվականին ստորագրված գազի, նավթամթերքի և բնական ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի՝ ՌԴ-ն ամեն տարի հաստատում է Հայաստանի համար նավթամթերքի արտահանման ինդիկատիվ քվոտաները:
Բենզինի և դիզելային վառելիքի այս քվոտաները սպառվել են 2023 թվականի հոկտեմբերին։ Սակայն հայկական կողմը մեկ անգամ արդեն դիմել էր դրանք ավելացնելու խնդրանքով, ինչը մասամբ բավարարվել էր։ Արդյունքում հայ ներկրողները հնարավորություն են ստացել ՌԴ-ից գնել և Հայաստան ներկրել 15 հազար տոննա բենզին և 20 հազար տոննա դիզվառելիք։
Հավելենք, որ Ռուսաստանի կողմից նավթամթերքի արտահանման արգելքը չի տարածվում Հայաստանի և ԵԱՏՄ մյուս երկրների վրա։