ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik.Հայաստանը Ռուսաստանին առաջարկել է ստորագրել պայմանագիր, որից կնքել էր նաև ԱՄՆ–ի հետ։ Այս մասին խորհրդարանում լրագրողներին ասել է Հայաստանի փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը ՝ մեկնաբանելով Հռոմի կանոնադրության վավերացմանը։
Ավելի վաղ միջազգային-իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտարարել էր, որ Հայաստանը Ռուսաստանին առաջարկել է երկկողմ համաձայնագիր ստորագրել Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի հարցի իրավական լուծման համար:
«ՌԴ–ին մենք առաջարկել ենք երկկողմ պայմանագիր։ Նույն այդ մոտեցումն ունեինք ԱՄՆ–ի դեպքում, որի հետ ժամանակին կնքվեց երկկողմ պայմանագիր։ ԱՄՆ–ն ուներ որոշակի խնդիրներ կապված Հռոմի ստատուտի հետ, նույնը ինչ–որ Ռուսաստանի դեպքում է, առաջարկել ենք երկկողմ պայմանագիր։ Այն բանակցվեց և ստորագրվեց»,–ասաց փոխնախարարը։
Նրա խոսքով` ինքը ՀՀ–ի առաջարկի հետ կապված ՌԴ-ից դեռ չի լսել որևէ պաշտոնական մեկնաբանություն: «Կարծում եմ` այդ գործընթացը շարունակվում է»,- ասաց Հովհաննիսյանը։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 3–ին ԱԺ-ն 60 կողմ, 22 դեմ, 0 ձեռնպահ ձայներով վավերացրել էր Հռոմի ստատուտը:
Հայաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ստորագրել էր 1999թ–ի հոկտեմբերի 1-ին, սակայն չէր վավերացրել։ Գործընթացն ընդհատվել էր 2004թ–ի օգոստոսի 13-ին, երբ փաստաթուղթը ճանաչվել էր ՀՀ Սահմանադրությանը հակասող։
ՀՀ սահմանադրական դատարանը 2023 թ. մարտի 24-ին որոշեց, որ Հայաստանի միացումը միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը համապատասխանում է գործող Սահմանադրությանը։
Հավելենք` ՌԴ ԱԳՆ–ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտը վավերացնելու որոշումն ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների վրա։