Քաղաքացին երկու անգամ փորձել է նետվել Կիևյան կամրջից

Կիևյան կամուրջ
Երկու անգամ էլ ինքնասպանությունը կանխվել է, քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության բաժին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Քաղաքացին մի քանի ժամվա տարբերությամբ երկու անգամ փորձել է նետվել Երևանի Կիևյան կամրջից։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ինքնասպանության փորձի մասին առաջին ահազանգը ստացել է նոյեմբերի 2-ին՝ ժամը 21:13-ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները կանխել են ինքնասպանությունը, քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին։
Ժամը 03:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը տեղեկություն է ստացել, որ քաղաքացին կրկին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից։
Այս անգամ դեպքի վայր է մեկնել ոչ միայն հրշեջ-փրկարարական ջոկատի հաշվարկը, այլև հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Փրկարարները կրկին կանխել են ինքնասպանությունը, քաղաքացին երկրորդ անգամ տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին։
Կիևյան կամրջի մոտ փորձել են զենք թաքցնել. պարեկները 2 երիտասարդի են ձերբակալել