ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. ՀՀ–ում մոլոկանների Ֆիոլետովո գյուղում 180–ամյա փայտե տնակի վրա QR կոդով հուշատախտակ է տեղադրվել։
Այս տնակը հայտնի է նրանով, որ այնտեղ 95 տարի առաջ մոլոկանների մոտ հյուրընկալվել է ռուս գրող Մաքսիմ Գորկին, որը ճամփորդել է Վրաստանում և Հայաստանում։
Այժմ «Ռուսական տան» նախաձեռնության շնորհիվ զբոսաշրջիկները կկարողանան ավելին իմանալ հին փայտե տնակի մասին, որտեղ այժմ գտնվում է Միխայլովների ընտանիքի ազգագրական թանգարանը։
Նշվում է, որ այցելուները կարող են նաև ուսումնասիրել ռուս–հայկական գործընկերության` 19–րդ և 20–րդ դարերի պատմությունը։ Դա հնարավոր է դարձել QR կոդի միջոցով, որը մուլտիմեդիայի է փոխակերպում պատմական քարտեզները:
Մոլոկանների Ֆիոլետովո գյուղում 180–ամյա փայտե տնակի վրա QR կոդով հուշատախտակ է տեղադրվել
© Sputnik / Aram Gareginyan
Բացի հուշատախտակի տեղադրումից, միջոցառման ներկաները մասնակցել են նաև «էթնիկ թելադրություն–2023»–ին, որն այսօր միաժամանակ անցկացվել է Հայաստանի մի քանի քաղաքներում՝ «Ռոսսոտրուդնիչեստվոյի» աջակցությամբ: Այս միջոցառումը Ֆիոլետովոյում անցկացվել է «Չայբուշկի» սրճարանում:
ՀՀ–ում «Ռուսական տան» ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը մոլոկանների երեխաներին պատմել է, որ Ռուսաստանում գոյություն ունի 150 լեզու, որոնցից 37–ը պետական կարգավիճակ ունեն:
«Մենք շատ ժողովուրդներ ունենք, իսկ հայրենիքը մեկն է»,– ընդգծել է «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավարը:
Միջոցառման ներկաները մասնակցել են նաև «էթնիկ թելադրություն–2023»–ին
© Sputnik / Aram Gareginyan
Թելադրությանը մասնակցել են Ֆիոլետովոյի և շրջակա բնակավայրերի 60 բնակիչներ, այդ թվում` հյուրեր Դիլիջանից: Միջոցառման ամենափոքր մասնակիցը եղել է 6–ամյա Աննա Նովիկովան։
Նշենք, որ ժամանակին Թբիլիսիից Երևան ճանապարհին Գորկին եղել է ռուսական Նիկիտինո գյուղում (այժմ՝ Ֆիոլետովո)։ Այստեղ գրողին թեյ են հյուրասիրել։ Ի հիշատակ այդ իրադարձության` 95 տարի անց «Ռոսսոտրուդնիչեստվոն» գյուղում տեղադրեց հուշատախտակ մակագրությամբ` «Այս տանը նրան ընդունել են մոլոկանները և թեյ հյուրասիրել»։ Այս «թեյի» ցուցանակը լրացնում է «կոնյակի» ցուցանակը, որն արդեն մի քանի տասնամյակ շարունակ տեղադրված է Երևանի կենտրոնի տներից մեկում, որտեղ ուղևորության ժամանակ կանգ էր առել Գորկին։