ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Տարածաշրջանը կարող է դառնալ խաղաղության խաչմերուկ, որը օգուտ կբերի ոչ միայն Հայաստանին և հարևան երկրներին, այլև ամբողջ աշխարհին։ Այս մասին Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Մեր տարածաշրջանը կարող է դառնալ այդ խաչմերուկը և այն տնտեսական օգուտ կբերի ոչ միայն անմիջական տարածաշրջանին կամ հարևաններին, այլև ամբողջ աշխարհին։ Այս ծրագիրը կարող է նաև խաղաղության յուրահատուկ գրավական դառնալ»,– ընդգծեց նա։
Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ ԼՂ-ի ավելի քան 100 հազար բնակչությունն ամիսներ շարունակ գտնվելով Ադրբեջանի կողմից անմարդկային շրջափակման մեջ՝ ոչնչացման սպառնալիքի ներքո լքել է իր բնօրրանը։
«ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացիան չի վերացել, առկա են հումանիտար բնույթի խնդիրներ, Բաքվում անազատության մեջ հայ ռամզագերիներ, ինչպես նաև ապօրինի պատանդառված քաղաքացիական անձինք են պահվում»,– ասաց ՀՀ ԱԳ նախարարը։
Նրա խոսքով` միայն այլ երկրների անկեղծ ջանքերը կարող են նպաստել տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը։ ՀՀ–ն ունի քաղաքական կամք` գնալ խաղաղության հաստատմանը, և պետության մոտեցումները ներկայացված են Գրանադայում քառակողմ հանդիպումից հետո ընդունված հայտարարությունում (երկու երկրի փոխադարձ տարածքային ճանաչում)։
Արարատ Միրզոյանն ու Անալենա Բերբոքը հանդիպմանն անդրադարձել են նաև ՀՀ–ում ԵՄ առաքելության գործունեությանը և տարածաշրջանային գործընթացներում ԵՄ ներգրավվածությանը։
Հիշեցնենք, որ 2023 թ. հոկտեմբերի 17–ին Եվրոպական խորհրդարանում իր ելույթի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն հայտարարեց, որ ՀՀ–ն պատրաստ է վերականգնելու Մեղրիի երկաթուղին, որը Հայաստանի հարավով կկապի ոչ միայն ՀՀ–ն և Ադրբեջանը, այլև ՀՀ-ի հարավային շրջանները հյուսիս–արևմտյան շրջանների հետ։ Նրա խոսքով` ՀՀ–ում այս նախագիծն անվանում են «հայկական խաչմերուկ»։