ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Մայր աթոռը որոշել է պահպանել Արցախի թեմը։ Այդ մասին ասվել է Գերագույն հոգևոր խորհրդի քառօրյա ժողովի ժամանակ, որը նախագահում էր Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
Նշվում է, որ ժողովի ժամանակ քննարկվել են պետության առաջ ծառացած հետպատերազմյա մարտահրավերները, Արցախից բռնի տեղահանվածների հիմնախնդիրները, ինչպես նաև Արցախի մշակութային ու հոգևոր ժառագության պահպանման հետ կապված հարցերը։
Ժողովի առաջին օրը զեկույցով հանդես եկան Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը և Արցախի թեմի առաջնորդ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:
«Արցախի թեմի լուծարումը տեղի չի ունենա, ինչպես, ցավոք սրտի, լուծարվեց Արցախի պետականությունը։ Վեհափառ հայրապետն ի ուրախություն բոլորիս հայտարարեց, որ Արցախի թեմը չի լուծարվելու, այլ գործառույթները մի փոքր կփոխվեն, և ինքն իր նպատակների համար կծառայի։ Սա կնշանակի, որ մենք մեր սրտում կունենանք երազանք` նորից վերադառնալու Արցախ»,– ընդգծեց տեր Վրթանեսը։
Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի հաջորդ օրվա նիստին զեկույցով հանդես է եկել նաև Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը: Նա ներկայացրել է Հայաստանում թմրամոլության աճի հետ կապված իրավիճակը:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։