ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը մտքեր են փոխանակել պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում ընթացիկ իրավիճակի վերաբերյալ։ Տեղեկությունը հայտնել են ՌԴ ԱԳՆ–ից:
«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում ընթացիկ իրավիճակի շուրջ։ Ընդհանուր մտահոգություն է հայտնվել Գազայի հատվածում շարունակվող զինված դիմակայության կապակցությամբ։ Ընդգծվել է կրակի արագ դադարեցման և տուժած քաղաքացիական բնակչությանն անհետաձգելի մարդասիրական օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությունը»,– ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Նախարարությունից նշել են, որ ՌԴ ԱԳՆ ղեկավարն Իրանի իր գործընկերոջը նաև տեղեկացրել է ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի գծով պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում լարվածության թուլացման ուղղությամբ ՌԴ ջանքերի մասին:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։