ՀՀ-ն նախատեսում է հաջորդ տարի դեսպանատներ բացել 2 երկրում. Միրզոյան

ՀՀ ԱԳՆ
Արարատ Միրզոյանի խոսքով՝ դեսպանատներ բացելու առումով տեխնիկական և նյութական ասպեկտներ կան` աշխարհում գնաճ կա, բնակվարձերն են ավելացել, դիվանագետների կենցաղն է պետք ապահովել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունը 2024 թվականին նախատեսում է դիվանագիտական ներկայացուցչություններ բացել մի քանի երկրում։ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
ԱԳՆ–ի բյուջեն 2024-ին կավելանա 504 մլն դրամով․ ի՞նչ նպատակով է ծախսվելու գումարը
«Վերջերս Կորեայի Հանրապետությունը տեղեկացրել էր, որ մտադիր է հաջորդ տարվա առաջին կիսամյակում ռեզիդենտ–դեսպանություն բացել Երևանում։ Անշուշտ, մենք էլ նմանատիպ ցանկություն ունենք՝ մեր դեսպանատունն ունենալ Սեուլում։ Կորեայի մասը բյուջեում դեռ արտացոլված չէ։ Լյուքսեմբուրգում ենք բացելու դիվանագիտական ներկայացուցչություն»,– նշեց Միրզոյանը։
Նա ընդգծեց, որ տեխնիկական և նյութական ասպեկտներ կան այս գործընթացի վերաբերյալ, այսինքն` անհրաժեշտ է պահել այդ դեսպանությունները, իսկ աշխարհում գնաճ կա, բնակվարձերն են ավելացել, պետք է ապահովել նաև դիվանագետների կենցաղը։ Նախարարի խոսքով` երբեմն անհրաժեշտ է լինում նաև շենքերը վերանորոգել, ավտոպարկը թարմացնել և այլն։
ԱԳՆ-ի վրա խնայողությո՞ւն է արվում․ Արարատ Միրզոյանի պատասխանը