ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի - Sputnik. Գյումրու Անի թաղամասի Պ.Սևակի փողոցում՝ ոստիկանության շենքի հարևանությամբ, այսօր շները հարձակվել են 74 –ամյա Ցողիկ Գրիգորյանի վրա։
Sputnik Արմենիային ներկայացնելով տարեց կնոջ վիճակը, թոռնուհին՝ Ասպրամ Գրիգորյանը, տեղեկացրեց, որ կինն ունի ակնափոսի կոտրվածք ու խորը բաց վերքեր։ Կինը տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։
«Բժիշկների հսկողության տակ է հիմա, վիճակը դեռ պարզ չէ՝ կոտրված է ակնափոսը, եթե թարախակալվի՝ այսօր, կամ վաղը վիրահատելու են, իսկ դա կնշանակի ոսկորի հեռացում, ինչի հետևանքով աչքը կարող է չտեսնել։ Ճիշտ է, գիտակցություն ունի, բայց ցավերը շատ են՝ այլ վնասվածքներ ևս ունի՝ հիմնականում ձեռքի »,-ասաց թոռնուհին հավելելով, որ մի քանի ամիս առաջ էլ նույն թաղամասում շները տատիկի ոտքն էին վնասել։
«Ուզում եմ այնպես անել, որ ի վերջո քաղաքապետարանը իմանա՝ ինչ է կատարվում ու սկսի զբաղվել այս հարցով»,-հավելեց Ասպրամ Գրիգորյանը։
Մեզ հետ զրույցի ժամանակ Ասպրամը նշեց, որ Գյումրիում թափառող շներն ամենուր են, հարձակման դեպքեր պարբերաբար են գրանցվում։
Հիշեցնենք՝ Արմավիրի մարզի Մերձավան գյուղում նոյեմբերի 1-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում թափառող շունը հարձակվել է 76-ամյա կնոջ վրա և կծել, մինչ շտապօգնության մոտենալը կնոջ վիճակը կտրուկ վատացել է, նա հանկարծամահ է եղել։