Գերմանիան Հայաստանին առաջարկում է ավելի խորը և սերտ համագործակցություն. Անալենա Բերբոք

Գերմանացի նախարարի կարծիքով` Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը լուրջ ներդրում կլինի տարածաշրջանի տնտեսական զարգացման հարցում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Գերմանիան Հայաստանին առաջարկում է ավելի խորը, ուժեղ և սերտ համագործակցություն ունենալ, քան այսօր կա։ Այս մասին Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքն ասաց այսօր Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Նա նշեց, որ Հայաստանն ու Գերմանիան այս ուղղությամբ մտքեր են փոխանակում և համագործակցության մեծ հնարավորություններ կան: Բերբոքն ընդգծեց, որ գործող աշխարհաքաղաքական պայմաններում շատ կարևոր է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև լինի համաձայնեցված խաղաղության պայմանագիր, քանի որ տնտեսական հարաբերությունները կարող են էլ ավելի խորանալ նման պայմաններում:
«Ձեռնարկությունները ներդրումներ են կատարում հատկապես այն երկրներում, որոնց վստահում են, իրավական պետություններում։ Հայաստանի դեպքում դա կա, այստեղ կա երիտասարդ և ուժեղ ժողովրդավարություն»,– նշեց նախարարը։
Բերբոքն ընդգծեց, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը լուրջ ներդրում կլինի հատկապես տարածաշրջանի տնտեսական զարգացման, ներդրումների ավելացման հարցում: Նրա խոսքով՝ այժմ առաջնային է խաղաղության հաստատումը, իսկ հետո արդեն տնտեսական հարցերը և նույնիսկ վիզային ռեժիմի դյուրացումը։
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 13-ին հայտարարեց, որ հայկական կողմն ադրբեջանական կողմին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման և խաղաղ հարաբերությունների հաստատման պայմանագրի հինգերորդ խմբագրումը, սեպտեմբերի 16-ին ստացել են ադրբեջանական կողմի նոր առաջարկները։
Բաքվում հայտարարել են, որ ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագրի կետերի մեծ մասը համաձայնեցված է